Աննա Տեր-Ավետիքյան

Աննա Տեր-Ավետիքյան


Երևան Ռուսական Կայսրություն

1908-2013


Ճարտարապետ

Նախնիները և ընտանիքը

Աննա Տեր-Ավետիքյանը հին երևանցիների տոհմից էր, որի շնորհիվ են ստեղծվել Երևանի մի շարք ճարտարապետական հուշարձաններ։ Օրինակ՝

- Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, նախկինում` Արական վարժարան, կառոցվել է Տիգրան (Աննայի հայրը) և Երևանդ Տեր-Ավետիքյանների ջանքերով

- Երևանի Պետական Համալսարանի հին շենքը նախկինում` Ուսուցչական սեմինարիա,

- Առաջին հիվանդանոցը Աբովյան փողոցում, որի պարիսպը հետագայում նախագծել է Աննա Տեր-Ավետիքյանը,

- Քաղաքային դումայի շենքը Շահումյան հրապարակում, որն այժմ գոյություն չունի,

- Ս. Նիկոլայի ռուսական եկեղեցին (գտնվում էր Ստեփան Շահումյանի արձանի տեղում),

- Հայաստանում առաջին հիդրոէլեկտրակայանը Հրազդան գետի վրա եւ մի շարք այլ շինություններ

 

Տեր-Ավետիքյանների գերդաստանում շատ էին բարերաներ՝ ովքեր իրենց կյանքը նվիրել էին հանրօգուտ գործունեությանը։ Օրինակ՝

- Աննայի նախապապ Ասատուր՝  սեփական կյանքը  վտանգելով, կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն հայտնել է հայկական գյուղերի վրա պատրաստվող քրդական հարձակման մասին, որի շնորհիվ այն հաջողվել է կանխել:

- Մեծ բարեգործ, բժշկապետ, Արամ Տեր-Ավետիքյանն անվճար բուժում էր բոլոր այն մարդկանց ովքեր չունեին միջոցներ ծախսերը հոգալու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր կառուցած հիվանդանոցը նվիրաբերել է վիրավորների կարիքների համար, և այդպես՝ ընտանիքի այլ անդամները, որոնց մեծամասնությունը զբաղված էր հանրօգուտ գործունեությամբ։

Աննա Տեր-Ավետիքյանի եղբայրներն էլ` Լևոնը և Աշոտը, որոնց գործունեությունը  նպաստել է Հայաստանի զարգացմանը։ Նրանց և մի շարք այլ բարեգործների ջանքերով է ստեղծվել Երևանի ջրամատակարարման առաջին ցանցը, որը գալիս է Կրբուլաղի (Քառասնակնի) աղբյուրներից։ Այս նախագծի արդյունքում է, որ Երևանի բնակիչների համար հասանելի է դարձել խմելու ջուրը։

Նրանք նաև հիմնադրել են մինչև օրս գործող հաստոցաշինական գործարանը (ժամանակին՝ թուջի կաղապարման-մեխանիկական գործարան)։ Ցավոք, երկու եղբայրները զոհվել են Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ։

Աննա Տեր-Ավետիքյանի մայրական կողմը սերում էր Արևմտյան Հայաստանից՝ Անի քաղաքից, արժանացել էր ազնվականության տիտղոսի՝ ռուս Նիկոլայ առաջին արքայի կողմից։ Ընտանիքը այս տիտղոսին արժանացել էր ռուս-պարսկական պատերազի ժամանակ, քանի որ գեներալ Պասկևիչի զորքին մեծ օգնություն էին ցուցաբերել։ 


Կյանք ու գործունեությունը

Երիտասարդ տարիքից սերմանած հետաքրքրությունը դեպի ճարտապետությունը և սերը դեպի Երևանը, մղեցին Աննային, 1924 թվականին Հռիփսիմյան իգական գիմազիան (Ալեքսանդր Մյասնիկյանի անվան դպրոց) ավարտելուց հետո (սովորել է 1915-1924) ընդունվել  Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, որից հետագայում ստեղծվել է Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1929 թվականին էլ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Կրթություն ստանալուն զուգահեռ` 1926 թվականից, աշխատել է Նիկողայոս Բունիաթյանի ղեկավարած Երևանի քաղխորհրդի գործկոմի ճարտարապետական բաժնում։ Նույն ժամանակահատվածում, երեկոյան ժամերին, Աննան աշխատում էր նաև Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում։ Այս ընթացքում մշակվում էր Օպերայի շենքի նախագիծը։ Արվեստանոցում այնքան արտասովոր էր կին մասնագետի հանդիպելը, որ հաճախ կոլեկտիվի անդամները բացում էին դուռն ու արտահայտում իրենց զարմանքն ասելով՝ «Վա՜յ, նայե՜ք, աղջիկ»։ Տեր-Ավետիքյանն իր կարիերայի ընթացքում աշխատել է Երևանի քաղխորհրդի ճարտարապետական արհեստանոցում՝ որպես ճարտարապետ-նախագծող։ Ավելի ուշ ղեկավարել է ՀԽՍՀ Ճարտարապետական ֆոնդը։ Աշխատել է նաև «Երքաղնախագիծ» նախագծային ընկերությունում՝ որպես ավագ ճարտարապետ, ապա «Գիպրոտորգ» ինստիտուտի հայկական մասնաճյուղում՝ որպես գլխավոր մասնագետ։
Առաջին հայ կին ճարտարապետի աշխատանքները միշտ նկատելի են իրենց ներդաշնակ լուծումներով, ուր կարևորություն են ստացել և շենքի գեղարվեստական կերպարը, և ֆունկցիոնալությունը, և շենքի ամրությունն ու ապահովությունը։ Տեր-Ավետիքյանը հայտնի է իր անկյունային լուծումներով։ «Դրա լավագույն օրինակներից է Մոսկովյան-Բաղրամյան փողոցների անկյունում գտնվող բնակելի տունը, որը աչքի է ընկնում թե՜ ճակատները զարդարող կրկնակի կիսասյուների վրա հենվող դեկորատիկ կամարաշարերով, որոնք դասականություն ու հատուկ հմայք են հաղորդում շենքին, թե՜ անկյունային գոգավոր լուծված հատվածով, որը` հետ դրվելով փողոցի կարմիր գծից, հնարավորություն է ստեղծում հեշտությամբ շրջանցել անկյունը եւ ավելացնել մայթի լայնությունը: Այսպիսի մտածված մոտեցումները հատուկ են Ա.Տեր-Ավետիքյանի ստեղծագործական ձեռագրին. դրանք առկա են նաեւ Լեզվի ինստիտուտի եւ Կորյուն-Աբովյան, ինչպես և Կորյուն-Մաշտոց փողոցների անկյուններում գոյություն ունեցող շենքերում, որտեղ թե՜ հետաքրքիր կերպար է ստեղծվում, թե՜ քաղաքաշինական լուծում տրվում տվյալ հանգույցներին: Թեթեւ, կարծես, աննկատ հնարքներով ընդգծվում են շենքերի անկյունները, որոնք տարբեր են յուրաքանչյուր կառույցում. մի դեպքում՝ փողոցների հատման տեղում, եռանիստ աշտարակաձև ծավալը մի փոքր վեր է բարձրանում շենքի ընդհանուր հորինվածքից, իսկ նրան երկու կողմից միացող ճակատները՝ դինամիկ զարգացում են ստեղծում այդ հանգույցում (Կորյուն-Աբովյան անկյան շենքը), մյուս դեպքում անկյունը, կլորանալով, մեկ ընդհանուր հորինվածքի սահմաններում է մնում`  պլաստիկ ու սահուն (Կորյունի ու Մաշտոցի փողոցների անկյունային շենքը), երրորդ տարբերակում անկյունը թեքությամբ կտրվում է (Լեզվի ինստիտուտ, ՆԳՆ-ն շենք), կամարաշարերով կամ երկու կողմից բարձրացող օթյակակիր ծավալներով՝ հանդիսավորություն հաղորդելով անկյունային մասին եւ դարձնելով այն լրացուցիչ գլխավոր ճակատ։ Նա անկյունային լուծումների վարպետ է. կարողանում է փողոցների հատման տեղում ստեղծել այնպիսի ծավալային հորինվածքներ, որոնք, կարծես, շրջանցում են անկյունը, ավելի պլաստիկ դարձնում այն, միաժամանակ կազմակերպելով շրջակա տարածությունը: Ճարտարապետի ստեղծագործություններում կուռ լուծված հորինվածքները դասական են եւ ազգային, ներդաշնակ ու ռացիոնալ: Հեղինակի համար կարեւոր նշանակություն ունեն ճարտարապետական հորինվածքի կայացման բոլոր բաղկացուցիչները` սկսած հատակագծային եւ ծավալատարածական ընդհանուր լուծումներից մինչեւ շինարարական տեխնիկայի խնդիրները, որոնցից հատկապես մեծ դեր ունի շինանյութը: Յուրաքանչյուր դեպքում այն լուծում է նաեւ գեղարվեստական խնդիր. եթե Լեզվի ինստիտուտի սև տուֆի ռուստավորված շարվածքը շենքին տալիս է լրացուցիչ հանդիսավորություն, և նույնիսկ նմանություն իտալական վերածննդի պալատական շինություններին, ապա Անիի վառ նարնջագույն տուֆը՝ տոնականություն ու պայծառություն է հաղորդում  ՆԳՆ-ն շենքի ճարտարապետությանը (ի դեպ` այս շենքը, ինչպես եւ ՙՍասունցի Դավիթ՚ կինոթատրոնը Աննա Տեր-Ավետիքյանը նախագծել է ամուսնու` ճարտարապետության դոկտոր եւ ուրարտական ճարտարապետության հմուտ մասնագետ՝ Կոնստանտին Հովհաննիսյանի համահեղինակությամբ): «Զուսպ միջոցներով (ընդգծված կենտրոնական մաս, օրդերային համակարգի վարպետորեն օգտագործում, կամարածածկ օթյակներ եւ այլ տեխնիկական, հորինվածքային ու դեկորատիվ մանրամասներ) ստեղծված են շենքերի արտահայտիչ կերպարներ, որոնք յուրօրինակ են՝ ամեն առանձին դեպքում և ամբողջական ու համահունչ՝ շրջակա միջավայրին:» -գրել է ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր-Մինասյանը։

Աննա Տեր-Ավետիքյանի հեղինակությամբ կառուցված շենքերից են՝

- Կորյունի եւ Մաշտոցի փողոցների անկյունում գտնվող կինեմատոգրաֆիստների բնակելի տունը (նշանավոր ՙՊոնչիկանոցը՚)
- Կորյուն եւ Աբովյան փողոցների հատման տեղում կանգնած շենքը, ԳԱ Լեզվի ինստիտուտի շենքը՝ Աբովյան փողոցի վրա
- «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը
- Առևտրի մինիստրության (հետագայում` Սոցապահովության նախարարության) շենքը՝ Տերյան փողոցի վրա
- Բազմաթիվ բնակելի, հասարակական, առողջապահական, դպրոցական շենքեր՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Կամոյում, Ստեփանավանում եւ այլուր

Աննա Տեր-Ավետիքյանն իր հարուստ կարիերային զուգահեռ՝ երեք զավակների մայր էր և ճարտարապետ Կոստանդին Հովհաննիսյանի կինը։

 

 


Աղբյուրներ

1. «Աննա Տեր-Ավետիքյան», ՀՀ Ճարտարապետների Միություն, Երևան, 2009
2. Անուշ Տեր-Մինասյան, ճարտարապետության թեկնածու
3. Զրույց Աննա Տեր-Ավետիքյանի, որդու՝ Աշոտ Հովհաննիսյանի հետ


Նկարներ

«Սասունցի Դավիթ» կինոթատրոն

«Սասունցի Դավիթ» կինոթատրոն

Բնակելի շենք Մոսկովյան և Բաղրամյան պողոտայի անկյունում

Բնակելի շենք Մոսկովյան և Բաղրամյան պողոտայի անկյունում

Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ

Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ

Չարենցի և Նալբանդյան փողոցների հատման տեղում գտնվող ՀՀ ոստիկանության շենք

Չարենցի և Նալբանդյան փողոցների հատման տեղում գտնվող ՀՀ ոստիկանության շենք

Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց

Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց

Դպրոց, որն ապա դարձավ Գիտությունների ակադեմիայի առաջին շենքը, հետո Լեզվի ինստիտուտ։ Ապամոնտաժվել է 2007-ին

Դպրոց, որն ապա դարձավ Գիտությունների ակադեմիայի առաջին շենքը, հետո Լեզվի ինստիտուտ։ Ապամոնտաժվել է 2007-ին


Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ էլ. հասցեով

Շարունակիր բացահայտել